ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻ ԵՎ ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՅՈՒԹԻ ՀԵՏ
Լաբորատորիան ստեղծվել է 1982 թ.-ին՝ նպատակ ունենալով իրականացնել տարբեր հատկություններով օժտված նյութերի հետ տարրական մասնիկների և ռենտգենյան ճառագայթների փոխազդեցությանը նվիրված հետազոտություններ կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի, նյութագիտության և ակուստաֆիզիկայի բնագավառներում։ Իրականացնել միաբյուրեղներում և պարբերական միկրո-նանո-կառուցվածքով նյութերում արտաքին ակուստիկ ալիքների, ջերմային, մեխանիկական և այլ ազդեցությունների առկայության պայմաններում դիֆրակցված ռենտգենյան, սինքրոտրոնային, նեյտրոնային, էլեկտրոնային և գամմա փնջերի բնութագրերի տարածաժամանակային կառավարման մեխանիզմների բացահայտմանն նվիրված հիմնարար և կիրառական բնույթի հետազոտություններ: Լաբորատորիայում իրականացվող հետազոտությունները ներառում են նաև կարճալիքային ճառագայթման դիֆրակցիոն դաշտերի ձևավորման խնդիրները կատարյալ և դեֆորմացված բյուրեղական ցանցերում, բյուրեղաօպտիկայի և դիֆրակցիոն օպտիկայի տեսական և փորձարարական հետազոտությունները։ Բացահայտել տարբեր հատկություններով օժտված նյութերի հետ լիցքավորված ռելյատիվիստիկ մասնիկների փոխազդեցության արդյունքում պարամետրական, անցումային, Չերենկովյան, դիֆրակցիոն, կանալացման և կոհերենտ արգելակային ճառագայթման առաջացման պրոցեսի կառավարման հնարավորությունները: Մշակել և ստեղծել կառավարելի բնութագրիչներով տարրական մասնիկների և ռենտգենյան փնջերի ակուստա-օպտիկակական էլեմենտներ։ Մշակել և ստեղծել նոր, ավելի զգայուն և արագագործ ռենտգենյան դիֆրակցիոն, նյութի բաղադրության տեղային անալիզի ու միկրոտոմոգրաֆիկ մեթոդներ՝ կենսաբանական, հնագիտական և երկրաբանական նմուշների, ինչպես նաև կոնդենսացված միջավայրերի հետազոտման համար։ Հետազոտել տարբեր տիպի պարբերական կառուցվածքներից դիֆրակցիայի արդյունքում տեսանելի և ռենտգենյան տիրույթի ճառագայթման ալիքային դաշտի ձևավորման առանձնահատկությունները, ինչպես նաև բարձր լուծողությամբ և այլ բարելավված պարամետրերով օպտիկական և ռենտգենյան տիրույթի ճառագայթման տարածաժամանակային բնութագրերի կառավարման արդյունավետ մեթոդների մշակումը: Վերջին 5 տարիների ընթացքում (2000-2025թ․) լաբորատորիայի աշխատակիցների համահեղինակությամբ հրատարակվել է մոտ 70 գիտական հոդված։
Ներկայումս գիտական հետազոտությունները հիմնականում կատարվում են հետևյալ ուղղություններով՝
1. SiO2, LiNbO3 և Al2O3 միաբյուրեղների արտաքին ակուստիկ ալիքների և ջերմային գրադիենտի առկայության պայմաններում տարբեր ատոմական հարթություններից Բրեգյան դիֆրակցիայի Լաուեի երկրաչափության դեպքում ռենտգենյան ճառագայթման անոմալ կլանման երևույթի հետազոտում։
2. Ճկված միաբյուրեղներից անդրադարձած կոշտ ռենտգենյան ճառագայթման և ջերմային նեյտրոնների մեծ անկյունային բացվածքով երկչափ ֆոկուսացման հնարավորության բացահայտում և հետազոտում։
3. Արհեստական պարբերական կառուցվածքներից դիֆրակցված էլեկտրամագնիսական ճառագայթման և նեյտրոնային փնջերի տարածաժամանակային բնութագրերի տեսական ուսումնասիրում:
4. Ռենտգենինտերֆերոմետրիկ եկանակով թեստային նմուշներից փուլային կոնտրաստի ստացում և նրանց պատկերների վերակառուցման հնարավորության հետազոտում և համապատասխան ծրագրային փաթեթի մշակում:
5. Տարբեր գիտական կենտրոնների (ATORCH ծրագրի շրջանակներում DESY 2 Test Beam, CANDLE, TPU և այլն) արագացուցիչների վրա SiO2 և LiNbO3 միաբյուրեղներում արտաքին ակուստիկ տատանումների և ջերմային գրադիենտի առկայության պայմաններում և արհեստական պարբերական կառուցվածքներում ռելյատիվիստիկ լիցքավորված մասնիկների պա¬րա¬մե¬տրական, կոհերենտ արգելակային, Չերենկովյան ու անցումային ճառագայթման բնութագրերի հետազոտությման նպատակով փորձերի իրականացում: